Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը հունվար-մարտին աճել է 37,4%-ով. փոխնախարար

Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ըստ Էկոնոմիկայի փոխնախարարի, ներդրողներին Եվրասիական միության ավելի քան 180 միլիոնանոց շուկա մուտք գործելու բացառիկ հնարավորություն է տալիս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-մարտին աճել է 37,4 տոկոսով: Այս մասին Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը։
«Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը հունվար-մարտ ամիսներին կազմել է 140,24 մլն դոլար, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 37,4 տոկոսով»,– ասել է Արզումանյանը:
Փոխնախարարը նշեց, որ ըստ 2021 թվականի պաշտոնական տվյալների՝ Հայաստանում գրանցված է իրանական կապիտալի մասնակցությամբ 6363 ձեռնարկություն։ Նա վստահություն հայտնեց, որ գործարար համաժողովների անցկացումը երկկողմ համագործակցության ակտիվացման արդյունավետ միջոցներից մեկն է, որը գործարարներին հնարավորություն է տալիս գտնել միմյանց, ծանոթանալ երկրների տնտեսական ներուժին և ներդրումային հնարավորություններին:
Իրանը պատրաստվում է բարձրացնել հայաստանյան արտահանողներից գանձվող հարկերը
Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը, նրա խոսքով, մի շարք բարեփոխումներ է իրականացրել ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ։ Հիմա Հայաստանում կան աշխատասեր, կրթված մարդիկ, բացի այդ, հնարավորություն կա տարբեր ձևաչափերով համագործակցություն հաստատել բազմաթիվ պետությունների հետ։ Արզումանյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ներդրողներին Եվրասիական միության ավելի քան 180 միլիոնանոց շուկա մուտք գործելու բացառիկ հնարավորություն է ընձեռում։