Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով կա կալանավորված

Մեկուսարան
Բացի կալանավորված անձից, ևս 4 երիտասարդ է ձերբակալվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված երիտասարդներից մեկը կալանավորվել է։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Աբգար Պողոսյանը։

«Շիրակի մարզի դատարանի դատավոր Ավետիսյանը կատարեց քաղաքական պատվեր, կալանավորեց 2 պատերազմների մասնակից, վիրավորում ստացած Արսեն Մարտոյանին։ Օպերատիվ աշխատակիցների ցուցմունքների և այլ ապօրինությունների մասին կպատմեմ լրացուցիչ»,- գրել է Պողոսյանը։

Նշենք, որ մայիսի 10-ին Մարտոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր` ինքնակամ գնում է Գյումրու ոստիկանություն՝ իրավիճակը տեղում հասկանալու համար։ Նրա խոսքով` իրեն ճանաչողները լավ գիտեն, որ ինքը տարեց մարդու ծեծող չէ։
Հիշեցնենք` ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ 2022 թվականի մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ՝ իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Գործով կա ևս 4 ձերբակալված` Հուսիկ Սարկիսյանը, Գոռ Սարգսյանը, Տարոն Մանուկյանը, Գոռ Մաթևոսյանը։