ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Արևմուտքի պատժամիջոցային մոլուցքի շարունակությունն անխուսափելիորեն կհանգեցնի բարդագույն, դժվարին հետևանքների։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ։
«Ակնհայտ է, որ օբյեկտիվ տնտեսական օրենքներից ելնելով` պատժամիջոցային մոլուցքի շարունակությունը, թույլ կտամ ասել, անխուսափելիորեն բարդագույն, դժվար շտկվող հետևանքների կհանգեցնի Եվրամիության, նրա քաղաքացիների, ինչպես նաև աշխարհի ամենաաղքատ պետությունների համար, որոնք արդեն իսկ բախվում են սովի ռիսկերին»,- ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ դրա մեղքն ամբողջությամբ արևմտյան երկրների վերնախավերինն է, որոնք հանուն իրենց գլոբալ գերիշխանության պահպանման պատրաստ են զոհաբերել մնացած աշխարհը։
Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը հաղթահարում է Արևմուտքի հրահրած արտաքին մարտահրավերները։
«Աստիճանաբար դանդաղում է գնաճը, նախորդ ամսվա ընթացքում տեմպերը մի քանի անգամ կրճատվել են մարտ ամսվա մակարդակի համեմատ։ Գների շաբաթական աճը նվազել է մինչև 0,1 տոկոս. սա արդեն մոտ է շաբաթական աճի այն տեմպին, որը համապատասխանում է գնաճի վերաբերյալ Ռուսաստանի բանկի թիրախային կողմնորոշմանը»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:
Բացի այդ, ռուբլու փոխարժեքը ընթացիկ տարում լավագույն դինամիկան է ցույց տալիս աշխարհի բոլոր արժույթների համեմատ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 78-րդ օրը։