«Նիկո՛լ, դավաճա՛ն»․ Նիդեռլանդներում ՀՀ վարչապետին բողոքի ակցիայով են դիմավորել

Համացանցում տեսանյութեր են հայտնվել այն հյուրանոցից, որտեղ կանգ է առել հայկական պատվիրակությունը։ Ակտիվիստները կարողացել են բողոքի ակցիա անցկացնել թե՛ հյուրանոցի ներսում, թե՛ դրսում։
Sputnik
Նիդեռլանդների հայ համայնքի ներկայացուցիչները պաշտոնական այցով այդ երկրում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են վիրավորանքներով և «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով։

Համացանցում տարածված կադրերում երևում է, որ նիդեռլանդական կողմի ներկայացուցիչները հյուրանոցի մոտ սպասում են Փաշինյանի և հայկական պատվիրակության ժամանմանը։ Հենց նրանք տեղ են հասնում, հավաքված ցուցարարները սկսում են վանկարկել՝ «Իսկ ո՞ւր է քո ոստիկանությունը», «Դավաճա՛ն», «Մարդասպա՛ն»։

Հայկական պատվիրակության ներկայացուցիչները մեքենայից դուրս չեն գալիս, իսկ նիդեռլանդական կողմը թիկնապահների հետ սպասում է ակցիայի ավարտին։
Մեկ այլ տեսանյութում երևում է, որ արդեն հյուրանոցի ներսում ակտիվիստները սպասում են վարչապետի ժամանմանը, և երբ նա ներս է մտնում, սկսում են գոռալ «Նիկո՛լ, դավաճա՛ն»։
Ավելի վաղ ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները թուրքական դրոշ և վարդեր էին թողել Հայաստանի դեսպանատան մոտ։ Նրանք այդպես «դիմավորել էին» Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, որը քառօրյա այցով Վաշինգտոնում էր։
Ընդդիմությունը Հայաստանի իշխանություններին մեղադրում է Արցախի հարցում դավաճանական քաղաքականության և Թուրքիայի հետ այս ֆոնին հարաբերություններ սկսելու համար։ Երևանում այս օրերին կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են ընթանում։
Հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Նիդեռլանդների Թագավորություն։