Իրանը պատրաստվում է բարձրացնել հայաստանյան արտահանողներից գանձվող հարկերը

Հայ–իրանական սահման. Արխիվային լուսանկար
Իրանական աղբյուրների փոխանցմամբ` մայիսի 21-ից սկսած Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշներով մեքենաներից 120 դոլար կգանձվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայկական պետհամարանիշներով մեքենաներից Իրանում 120 դոլար մաքսատուրք կգանձեն։ Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները` հղում անելով ԻԻՀ Ճանապարհային բեռնափոխադրումների և սպասարկման կազմակերպությանը։
Իրանական աղբյուրների փոխանցմամբ` մայիսի 21-ից սկսած Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշներով մեքենաներից 120 դոլար կգանձվի:
Իրանական կողմը որոշումը մեկնաբանում է նրանով, որ Հայաստանը 2018 թվականից է սկսել իրանական պետհամարանիշներով մեքենաներից մաքսատուրք գանձել, իսկ 2021թ–ից միակողմանի կերպով չեղարկել է Մեղրիի մաքսային տերմինալով իրանական ավտոմեքենաների բեռնաթափման ու բեռնման հնարավորությունը:
Ինչպես հիշեցնում է «Իրանն այսօր» տելեգրամ–ալիքը, Իրանը բազմիցս բարձրաձայնել է Հայաստանում բարձր հարկերի խնդրի մասին, որից խուսափելու համար իրանական բեռնատարները գերադասում էին ՀՀ տարածք չմտնել։
Բանն այն է, որ 2018թ.–ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել իրանական բեռնատարներից հարկեր չգանձել, եթե դրանք ՀՀ սահմանից մինչև 1 կմ հեռավորության վրա են գտնվում։
Այս որոշումից հետո իրանական բեռնատարները հիմնականում բեռնաթափում են իրականացնում սահմանից այն կողմ։