ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Հայթեք ոլորտի ընկերությունները Հայաստանում ստեղծում են աշխարհազոր, որը նոր սպառազինություն է փորձարկելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Instigate ընկերության տնօրեն, Հայաստանի առաջավոր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) անդամ Արման Պողոսյանը հայտնեց, որ նախագիծը քննարկվել է Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (նախկին նախարար, ներկայումս Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի օրոք) հետ, իսկ այնուհետև հավանության է արժանացել պաշտպանության նախարարությունում:
Աշխարհազորը, որն ուզում է ստեղծել UATE-ն, փորձարարական կլինի, իսկ հետո նրա փորձը հնարավոր կլինի տարածել նաև այլ նման ստորաբաժանումների վրա (աշխարհազորի մասին օրենսդրությունն ընդունվել է 2020 թվականի վերջին):
Այստեղ կանցկացվի բազային կրակային և մարտավարական պատրաստություն, ջոկատների և խմբերի փոխգործակցություն։ Բացի այդ, այստեղ կսովորեն օգտագործել նոր տեխնիկական միջոցներ, որոնք ստեղծվում են հայկական ինժեներական ընկերությունների կողմից։
«Այսպիսով, եթե մեր ինչ-որ ընկերություն նոր սպառազինություն է ստեղծել, այստեղ կարելի է փորձարկել այն՝ չսպասելով ընդունելությանը կամ պետական ստանդարտներին։ Եվ ամենակարևորը, այստեղ դուք կարող եք սովորել օգտագործել այն։ Չէ որ աշխարհի ամենալավ զենքն անօգուտ է, եթե վարժված զորքեր չունեք», - ընդգծեց Պողոսյանը ։
Նոր սպառազինության ստեղծումից մինչև դրա ընդունումը շղթան շատ կկրճատվի, եթե պաշտպանության նախարարությունը տեսնի՝ ինչպես է այն իրեն դրսևորում դաշտային պայմաններում: Պողոսյանն ընդգծեց, որ դա թույլ կտա արագացնել Հայաստանում ստեղծվող նոր պաշտպանական տեխնիկայի լայն տարածումն ու ներդրումը:
Պողոսյանը ներկայացրել է UATE -ի առաջարկած նոր աշխարհազորի ստեղծման նախագիծը միության տարեկան ժողովին:
ՀՀ օրենսդրության համաձայն՝ աշխարհազորը զինված հարձակման ժամանակ երկրի պաշտպանությանը քաղաքացիների կամավոր մասնակցության համակարգ է։ Դրա նպատակն է աջակցել կանոնավոր բանակին, այդ թվում՝ տարածքի, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների պաշտպանությանը հարձակումներից ու դիվերսիաներից, աջակցել սահմանի պաշտպանությանը, քաղաքացիական պաշտպանության կազմակերպմանը: Աշխարհազորը համակարգում է համայնքային իշխանությունը՝ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցմամբ։