Բաքվում հասկանում են, որ ցույցերը վնասում են իրենց «բանակցային գործընկերոջը»․ քաղտեխնոլոգ

Պաշտոնական Բաքուն բանակցություններում ուզում է հասնել իր պահանջների առավելագույն կատարմանը։ Կոմպրոմիսային տարբերակի մասին նույնիսկ խոսք չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ադրբեջանը չի ցանկանում կորցնել բանակցությունների ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ ձեռք բերած պայմանավորվածությունները, հետևաբար իրենց անհանգստությունը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ ինքնին հասկանալի է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով բողոքի ակցիաներին Բաքվի արձագանքը։
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրել էր Հայաստանի ընդդիմությանը երկիրը դեպի անդունդ տանելու համար։ Նրա խոսքով՝ Հայաստանում բողոքի ակցիաների կազմակերպիչները հայ հասարակության շրջանում բավականին հայտնի են։
«Կան թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի իշխանությունների հետ, ընթանում է բանակցային ակտիվ գործընթաց տարբեր միջազգային խաղացողների միջնորդությամբ, որի ընթացքում Ադրբեջանն ակնկալում է ստանալ իր ցանկությունների առավելագույնը»,- ասաց քաղտեխնոլոգը։
Խոսքը, ըստ Հակոբյանի, նույնիսկ կոմպրոմիսային տարբերակների մասին չէ։ Ադրբեջանը ցանկանում է, որ կատարվեն իր բոլոր պահանջները։
Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ այն պրոցեսները, որոնք հիմա տեղի են ունենում Հայաաստանում, վտանգում են իրենց հիմնական «բանակցային գործընկերոջ» դիրքերը։ Նրանք նաև անհանգստացած են, որ աշխարհաքաղաքական ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել, դրա համար էլ պատահական չէ, որ իրենց տված գնահատականները գրեթե 100 տոկոսով համընկնում են Հայաստանի գործող իշխանության գնահատականների հետ։
«Զարմանալիորեն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների արցախյան օրակարգը համընկնում է»,- նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։