Այսօր այլ ծրագիր էլ ունենք. ակցիայի մասնակիցները բացեցին Երևանի քաղաքապետարանի մուտքերը

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ քաղաքում խցանումներն 9 բալից ավելի են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Դիմադրության» շարժման մասնակիցները բացեցին Երևանի քաղաքապետարանի մուտքերը, որոնք շուրջ մեկ ժամ փակ էին պահել։

«Եթե քաղաքապետը խելքի չգա, հաջորդը ոչ թե մեկ, այլ մի քանի ժամով ենք փակելու։ Քաղաքում խցանումներն 9 բալից ավելի են` այսօր շենքի շրջափակման մեր առաջին փորձն էր։ Այսօր ունենք այլ ծրագիր ևս»,- ասաց Սաղաթելյանը՝ կոչ անելով քաղաքապետարանի մուտքերը բացել։

Նա հայտնեց, որ նոր կարգախոս էլ ունեն` «Ոստիկա՛ն, արթնացի՛ր, մեր պայքարին միացի՛ր»։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները քաղաքապետարանի շենքի առջև ազգային պարեր էին պարում։
Սաղաթելյանն ասաց, որ իրենց առջև դրված խնդիրն այսօր կատարեցին, իսկ Ֆրանսիայի հրապարակում ժամը 20։00-ին կամփոփեն օրն ու կհայտարարեն վաղվա անելիքների մասին։
Բացելով քաղաքապետարանի շենքի բոլոր մուտքերը, ակցիայի մասնակիցները սկսեցին իրենց քայլերթը դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։