Ոստիկանները «գործի անցան» նաև Բագրատունյաց փողոցում. կան բերման ենթարկվածներ

Ոստիկանները մեկ րոպե ժամանակ տվեցին ակցիայի մասնակիցներին, որպեսզի ճանապարհը բացեն, որից հետո սկսեցին բերման ենթարկել նրանց։
Sputnik
Իրավիճակը լարվեց նաև Երևանի Բագրատունյաց պողոտայում ընդդիմադիրների ակցիայի ժամանակ։
Ոստիկանները հայտնեցին, որ ընդդիմադիրները մեկ րոպե ժամանակ ունեն փողոցը բացելու համար։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ակցիայի մասնակիցներին հարցրեց, թե ուզում են բացել ճանապարհը, բոլորը «ոչ» պատասխանեցին։
Դրանից հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին` բիրտ ուժ կիրառելով։
Նշենք, որ այդ տարածքում են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանը, Գեղամ Մանուկյանը, Արամ Վարդևանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ լարված իրավիճակ է Երևանի Ռուբինյանց փողոցում, որտեղ ընդդիմության ակցիան առաջնորդում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Ընդդիմությունն այսօրվա ակցիաները սկսել է 4 ուղղություններով` Սասունցի Դավթի արձանի մոտից, Րաֆֆու փողոցից, Գայի պողոտայից և 15-րդ թաղամասից։ Ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է նախատեսված։