Ծառուկյանի հայտարարած մրցույթն ամփոփվել է. հայտնի է` ով է կառուցելու Հիսուսի արձանը

Հանձնախմբի անդամներն ավելի քան 4 ամիս ընտրություն են կատարել Հիսուսի արձանի մրցույթին ներկայացված տասնյակ նախագծերի միջև։
Sputnik
Գործարար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր ամփոփվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութը։
Հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագիծը։
«Հանձնախումբը և ժողովուրդը համակարծիք էին: Շնորհավորում եմ տաղանդավոր քանդակագործ Արմեն Սամվելյանին և շնորհակալ եմ բոլորին պատասխանատու և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Ուրախ եմ, որ Փրկչի մոնումենտալ արձան-համալիր ունենալու գաղափարը համախմբել էր քանդակագործների Հայաստանից, Արցախից և սփյուռքից»,– գրել է Ծառուկյանը:
Նշենք, որ հանձնախմբի անդամներն ավելի քան 4 ամիս ընտրություն են կատարել Հիսուսի արձանի մրցույթին ներկայացված տասնյակ նախագծերի միջև։
Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ, միայն արձանի բարձրությունը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։
Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես էր եկել հայտարարությամբ, որով հորդորում էր Գագիկ Ծառուկյանին զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա 3 հակափաստարկ ներկայացրեց ի պատասխան ու շարունակեց նախագծի իրագործումը։