Ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության գործողությունների պլանը

Հայաստան-Հունաստան-Կիպրոս գործողությունների պլանով փորձի փոխանակում կիրականացվի մարտական պատրաստության միջոցառումներ հատուկ նշանակության ուժերի, խաղաղապահության և այլ ոլորտներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ռազմական համագործակցության գործողությունների պլանը։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ:
ՀՀ պաշտպանության նախարարությունում ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ռազմական համագործակցության գործողությունների պլանը
Խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։
«Ստորագրված փաստաթղթերով նախատեսվում են մի քանի տասնյակ միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում։ Դրանք ներառում են մարտական պատրաստության միջոցառումներ հատուկ նշանակության ուժերի, խաղաղապահության, ռազմական բժշկության, ինժեներական և այլ ոլորտներում, փորձի փոխանակում տարբեր մասնագիտական ուղղություններով, տեղեկատվության փոխանակում և ռազմական խորհրդակցություններ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում, ընդգծել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ջանքերի անհրաժեշտությունը:
Խորհրդակցությունը ներկա են եղել Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմական համագործակցության ծրագրավորման և իրականացման վարչության պետ, գնդապետ Սոկրատիս Սերվեսը, Կիպրոսի ազգային գվարդիայի ռազմավարության և քաղաքականության վարչության պետ, գնդապետ Լուկաս Հաջիկոնստանտինոսը և նրանց գլխավորած պատվիրակությունները: