Ռուսական նավթի նկատմամբ ԵՄ-ի էմբարգոյի սահմանումը մի քանի օրվա հարց է. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի սենատը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հուսով է, որ Հունգարիայի կասկածներն այս հարցում կհաջողվի արագ հաղթահարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Եվրամիության` ռուսական նավթի վրա էմբարգո սահմանելը մի քանի օրվա հարց է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի պետքարտուղար Կլեման Բոնի կարծիքը:
«Դա մի քանի օրվա հարց է։ Մենք պետք է արագ գործենք»,- LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բոնը։
Նա հույս է հայտնել, որ այդ հարցի շուրջ Հունգարիայի կասկածները կհաջողվի հաղթահարել հնարավորինս շուտ։
Ընդ որում` դիվանագետը նշել է, որ այդ հարցը շատ ավելի բարդ է, քանի որ շատ երկրներ կախված են ռուսական նավթից: Դա զգայուն է ոչ միայն Հունգարիայի, այլև Սլովակիայի և Բուլղարիայի համար, քանի որ նրանք մնացածներից ավելի շատ կախվածություն ունեն Ռուսաստանից։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ասել էր, որ Բուդապեշտի համար ԵՄ առաջարկը` Ռուսաստանից եկող էներգառեսուրսների էմբարգոյի վերաբերյալ, հավասարազոր է ատոմային ռումբի։ Նա նամակ էր հղել Եվրահանձնաժողովի ղեկավարին, որում գրել էր, որ Բուդապեշտը չի կարող աջակցել ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների ծրագրին «իր ներկայիս տեսքով»:
Հիշեցնենք` ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ նախապատրաստվող վեցերորդ փաթեթի շրջանակում հանձնաժողովը կառաջարկի փուլ առ փուլ արգելել ռուսական նավթի ներմուծումը: Նրա խոսքով՝ նավթից հրաժարումը կլինի աստիճանական մինչև 2022 թվականի վերջը։