Լարված իրավիճակ Ռուբինյանց փողոցում. ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին

Ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս երթի մասնակիցներին առաջանալ։ Նրանք անհամաչափ բիրտ ուժ են կիրառում։
Sputnik
Այս պահին բավական լարված իրավիճակ է Երևանի Ռուբինյանց փողոցում, որտեղ ընդդիմության ակցիան առաջնորդում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Ինչպես արդեն հայտնել էինք, նրանք Գայի պողոտայից` «Մեգամոլի» դիմացից, մեկնարկեցին իրենց երթը։ Սակայն հասնելով Քանաքեռ-Զեյթուն` ոստիկանները պատ կազմեցին և թույլ չտվեցին երթի մասնակիցներին առաջանալ։

Իշխան Սաղաթելյանը առաջարկեց որոշ ժամանակով նստել գետնին, սակայն ոստիկանները սկսեցին անհամաչափ բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։

Իշխան Սաղաթելյանը հայտնեց` ինչքան ձերբակալեն, տասն անգամ ավելանալու ենք և շարունակենք ակցիաները։
Հավելենք, որ այսօր ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է նախատեսված։
Ադրբեջանում հետևում են Հայաստանում բողոքի ցույցերին
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։