«Դիմադրություն» շարժման անդամները «Հայրենիք» կինոթատրոնի մոտ քոչարի պարեցին

Sputnik
«Դիմադրություն» շարժման անդամներից մի քանիսը իրազեկման երթի ժամանակ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ քոչարի պարեցին` կաթվածահար անելով հարակից փողոցների երթևեկությունը։
Մասնակիցները նաև գունավոր ծխագլաններ վառեցին։
Շարժման անդամների այս խումբը երթով Նժդեհի հրապարակ է հասել Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանից։
Որոշ ժամանակ անց երթը շարունակվեց Արշակունյաց պողոտայով։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Ընդդիմությունն այսօրվա ակցիաները սկսել է 4 ուղղություններով` Սասունցի Դավթի արձանի մոտից, Րաֆֆու փողոցից, Գայի պողոտայից և 15-րդ թաղամասից։ Ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է նախատեսված։