Դատարանը բավարարեց ընդդիմադիրների պահանջը. ՀՀ հազարավոր քաղաքացիներ կազատվեն տուգանքներից

իրավագետ–սահմանադրագետ Վահե Գրիգորյան. Արխիվային լուսանկար
ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ տուգանվել են հավաքներին մասնակցելու կամ կառավարության տեսակետից տարբերվող կարծիք հայտնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ վարչական դատարանը մասնակի բավարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավորներ Արծվիկ Մինասյանի, Արթուր Ղազինյանի ու իրավագետ–սահմանադրագետ Վահե Գրիգորյանի համատեղ դիմումը։ Վահե Գրիգորյանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով դատարանի որոշումը` Վահե Գրիգորյանն ասաց, որ դատարանի որոշմամբ ՀՀ հազարավոր քաղաքացիներ կազատվեն ռազմական դրության ընթացքում հավաքներին մասնակցելու կամ կառավարության տեսակետից տարբերվող կարծիք հայտնելու համար իրենց նկատմամբ կիրառված 300-400 հազար դրամի չափով տուգանքներից։
«Եզրափակիչ դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո այս հիմքերից որևէ մեկով տուգանված անձինք ազատ են` պահանջելու փոխհատուցել ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում իրենց հասցված վնասը»,– ասաց Գրիգորյանը:
Նշենք, որ Վարչական դատարանի կայացրած որոշմամբ ոչ իրավաչափ են ճանաչվել ՀՀ կառավարության` 2020թ. սեպտեմբերի 27-ի` ռազմական դրություն հայտարարելու մասին թիվ 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 8-րդ և 4-րդ գլխի 9.1 կետերը, որոնք վերաբերում են ռազմական դրության ժամանակ հավաքների անցկացման ու կարծիք արտահայտելու ազատության սահմանափակումներին։
Հիշեցնենք` կառավարության որոշման վերոհիշյալ կետերն անվավեր ճանաչելու հայցով Արծվիկ Մինասյանը, Վահե Գրիգորյանն ու Արթուր Ղազինյանը դատարան էին դիմել 2020 թվականի նոյեմբերի 23-ին։
Նշենք, որ Հայաստանում ռազմական դրություն էր հայտարարվել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ պատերազմ սկսելու առաջին իսկ օրը` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ին։ 2021թ.–ի մարտի 24–ին խորհրդարանը երկու ընդդիմադիր խմբակցությունների` ԼՀԿ–ի ու ԲՀԿ–ի առաջարկով դադարեցրել էր ՀՀ տարածքում ռազմական դրությունը։