Հայտնի երգիչ Անդրեն նոր տեսահոլովակ է ներկայացրել «Իմ Շուշի» երգի հիման վրա:
Երգն արցախյան բարբառով է։ Թե՛ երաժշտության, թե՛ խոսքի հեղինակը Անդրեն է։
«Ա՜խ, Շուշի՛, իմ Շուշի՛, մեր հույսի, հավատքի քաղա՛ք լույսի, դու պը՛նդ կաց, իմ գա՛նձ։ Հային հայ ա Շուշին միշտ պահալ»,- հնչում է երգում։
Մեկ այլ հատվածում հնչում են հետևալ բառերը.
«Դարից դար սկի տյաս չընք մունք քաղալ,
Հայի խելքան ընք մունք միշտ տուժալ,
Մեր Շուշին ըրնի ծով ա տեռալ,
Սիպտակ վանքը գերի ա ընգալ,
Շուշին տալյավ սերտն ա մեր կոտրալ...»։
Տեսահոլովակի ռեժիսորն Արսեն Եսայանն է: Տեսահոլովակը նվիրված է Շուշիի ազատագրման օրվան:
Հիշեցնենք` 1992թ-ի մայիսի 8-ի գիշերը, հայկական ինքնապաշտպանական ուժերը` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ:
2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Այդ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ նաև հայկական հնագույն բերդաքաղաք Շուշին։