ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. 2020 թվականի պատերազմն ու դրա աղետալի հետևանքները սահմանել են նոր իրականություն, առաջադրել նոր խնդիրներ։ Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորական իր ուղերձում այս մասին ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Եվ գծելով վաղվա օրվան ուղղված մեր ծրագրերը, պիտի հիմքում դնենք այն հաղթանակները, որոնց հասել էինք նվիրված և միասնական պայքարի շնորհիվ։ Այսօր, ինչպես երբևէ, մեզ համար կենսական անհրաժեշտություն է լինել համախումբ՝ մասնատված Արցախն ամբողջացնելու և հայկական պահելու գերնպատակով»,–ասվում է Բալասանյանի ուղերձում։
Նա իր վստահությունն է հայտնել, թե ազգի ներուժով ու կամքով վերածնվելու է հաղթական ոգին։
Հիշեցնենք` 1992թ–ի մայիսի 8-ի գիշերը, հայկական ինքնապաշտպանական ուժերը` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ:
2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Այդ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ նաև հայկական հնագույն բերդաքաղաք Շուշին։
Հիշեցնենք նաև, որ այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը։