ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Քիչ առաջ Երևանի Ֆրանսիայի հրապարակ եկավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։
Ֆրանսիայի հրապարակը կրկին բազմամարդ է․այս անգամ ոչ թե հանրահավաք է, այլ արցախյան մշակույթի, բարիքների ցուցադրության օր։ Ներկաները ՀՀ երրորդ նախագահին ծափողջույններով դիմավորեցին։
«Հայությունն այսօր այլ խնդիր ունի լուծելու, պետք է սրանց հեռացնել, այնուհետև անցնել լուրջ խնդիրների լուծմանը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է կրկին ազատագրել Շուշին։
Այնուհետև Սերժ Սարգսյանը հանդիպեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին և միասին մտան հրապարակում տեղադրված վրան։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։