Երկու արմավիրցի կալանավորվել են ընդդիմության հավաքներին «փող ստանալու ու բաժանելու» համար

Կալանավորված քաղաքացիները ՀՅԴ անդամներ են։ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն էր տարածել, որ բերման են ենթարկվել «Դիմադրություն» շարժման Արմավիրի մարզի պատասխանատու անձինք, խուզարկվել է ՀՅԴ Արմավիրի գրասենյակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․Արմավիրի մարզի երկու բնակիչներ կալանավորվել են՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մայիսի 5-ին համացանցում տարածվել է մի ձայնագրություն, որում երկու անձինք հեռախոսազրույցում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը: Տղամարդկանցից մեկը մյուսին հարցնում է, թե երեկ ինչքան փող են տվել։ Մյուսը պատասխանում է` Բաղրամյանն էլ հետը` 200։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր նշված անձանց ինքնությունը. նրանք Արմավիրի մարզի՝ 1966 և 1967թթ. ծնված բնակիչներ են:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ քաղաքական ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչները, Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով, հիշյալ անձանցից մեկին նյութապես շահագրգռել են, վերջինս էլ իր հերթին նյութապես շահագրգռել է այլ անձանց»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ձեռքբերված բավարար ապացույցների համակցությամբ վերոհիշյալ երկու անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հավելենք, որ կալանավորված երկու քաղաքացիները ՀՅԴ անդամներ են։ Մայիսի 7-ին ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն էր տարածել այն մասին, որ բերման են ենթարկվել «Դիմադրություն» շարժման Արմավիրի մարզի պատասխանատու անձինք, խուզարկվել է ՀՅԴ Արմավիրի գրասենյակը։
ՀՅԴ ԳՄ տարածած հայտարարության մեջ կատարվածը բնորոշվում է որպես «ահաբեկչություն, մարդաորսություն», որով, սակայն հնարավոր չի լինելու «կասեցնել մեր պետականության համար մղվող աննահանջ պայքարը»։ Նշվում էր նաև, որ ընդվզումը կասեցնելու և բողոքի համազգային ձայնը խլացնելու նպատակով՝ «ողջ իրավապահ համակարգը լծվել է մեկ անձի և նրա ռեժիմի բիրտ պաշտպանությանը»։