Քյոլնում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն ամեն տարի ապամոնտաժում են

Գերմանիայում ՀՀ դեսպանությունը վստահեցնում է, որ առաջիկայում ջանքեր կգործադրեն իրավիճակի ընդունելի տարբերակով հանգուցալուծմանը նպաստելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն ապրիլի 24-ին ընդառաջ տեղադրվում և դրանից հետո ապամոնտաժվում է։ Նման պարզաբանում է տարածել Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ հուշարձանը տեղադրվել է 2018թ.-ի ապրիլի 15-ին «Հիշել ցեղասպանությունը» նախաձեռնության (Initiative Völkermord erinnern) և մի շարք անհատ քաղաքացիների կողմից։ Տեղադրման թույլտվության բացակայության հիմնավորմամբ հուշարձանը հեռացվել է տեղադրումից չորս օր անց (2018թ.-ի ապրիլի 19-ին), ինչը իրավական վեճի առիթ է դարձել։

«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ի շուրջ ընկած ժամանակահատվածում հուշարձանը տեղադրվում է, ապա ապամոնտաժվում` թույլտվության բացակայության հիմնավորմամբ»,-ասվում է պարզաբանման մեջ։

ՀՀ դեսպանությունը վստահեցնում է, որ ուղիղ կապի մեջ են նախաձեռնության հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի հետ և առաջիկայում ջանքեր կգործադրեն իրավիճակի ընդունելի տարբերակով հանգուցալուծմանը նպաստելու նպատակով։
Հավելենք, որ հուշարձանը տեղադրվում է Քյոլն քաղաքի Հոհենցոլերնբրյուկե կամրջի ձախակողմյան հատվածում։