ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի -Sputnik. Երկրորդ ժամկետով վերընտրված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր պաշտոնապես 5 տարով կրկին ստանձնեց երկրի ղեկավարումը: Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Ելիսեյան պալատում։
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ղեկավար Լորան Ֆաբիուսը հանդիսության ժամանակ մեկ անգամ ևս հրապարակեց նախագահի ընտրությունների` ավելի վաղ հայտարարված պաշտոնական արդյունքները:
«Հայտարարում եմ Ձեզ Հանրապետության ընտրված նախագահ»,-ասաց Ֆաբիուսը՝ դիմելով Մակրոնին:
Դրանից հետո Մակրոնը հռչակվեց Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ մագիստրոս։ Դա նշանավորեց նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետի սկիզբը։
Ապրիլի 24-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին գործող նախագահ Էմանուել Մակրոնը և «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը: Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի վերջնական տվյալների համաձայն՝ Մակրոնը ստացել է ձայների 58,55 տոկոսը, Լը Պենը՝ 41,45 տոկոսը: