Երևանում կանանց երթի ժամանակ մի տղամարդ մեքենան վարել է նրանց ուղղությամբ. տեսանյութ

Գոհար Մելոյանը տեսանյութ է տեղադրել, որում երևում է` ոստիկանները քայլեր են ձեռնարկում տղամարդու դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Իրավաբան Գոհար Մելոյանը հայտնում է, որ այսօր կանանց երթի ժամանակ մի տղամարդ մեքենան վարել է երթի մասնակիցների ուղղությամբ։ Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում է նման գրառում արել` տեսանյութ տեղադրելով։

«Այսօր՝ կանանց երթի ժամանակ, մի անհավասարակշիռ սադրիչ, անգամ թե՛ մեր, թե’ ոստիկանության կողմից կարգի հրավիրվելուց հետո, դուրս գալով անթույլատրելի հատված` մեքենան վարեց մեր ուղղությամբ: Ուղղություն, որտեղ իրենց արդար պահանջն ու անարդարությունից խեղդվող ձայնն էին բարձրացնում մեր նահատակված հերոսների մայրերը»,- գրել է նա։

Մելոյանը հավելել է, որ ի պատիվ ոստիկանության` ապօրինի գործողությունները համարժեք գնահատական են ստացել։
Տեսանյութում երևում է` ինչպես են ոստիկանները տղամարդու ձեռքերը ոլորում` մի կողմ տանելով նրան։
Հավելենք, որ տղամարդուն բերման չեն ենթարկել, պարզապես հեռացրել են տարածքից։
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։