ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Երևանից մեկնարկել է ընդդիմադիրների ավտոերթը դեպի Վանաձոր։ Վարորդները մեքենաների վրա Արցախի և Հայաստանի դրոշներն են փակցրել, իսկ մեքենաների միջից լսվում է «Զարթի՛ր, լաո» երգը։
Ի դեպ, շատ այլ վարորդներ ազդանշաններով ողջունում են ավտոերթի մասնակիցներին։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը երեկ կայացած հանրահավաքի ժամանակ ասել էր, որ այսօր` մայիսի 7-ին, ժամը 13-ին, Վանաձորում տեղի կունենա հանրահավաք։ Նրա խոսքով` ճանապարհին կանգառներ էլ կլինեն։
Բացի այդ, ժամը 12։00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակից երթ կմեկնարկի, որին կմասնակցեն միայն կանայք ու աղջիկները։ Իսկ երեկոյան` ժամը 18։00-20։00-ը, տեղի կունենա մշակութային միջոցառում, 20։00-ին հանրահավաք կլինի, որին էլ կհաջորդի երթը։
Սաղաթելյանի խոսքով` քաղաքացիները ցանկություն են հայտնել ժամը 13։00-14։00-ն բարձր երաժշտությամբ շրջել Երևանում, սակայն պետք է հնչեն բացառապես երկու երգ` «Արցախն է կանչում» և «Զարթի՛ր, լաո»։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։