ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Փիլոյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը։
«Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու որոշման դեմ մեր բողոքը: Այն դեռ չենք ստացել»,-ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ Փիլոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությամբ կդիմեն Առաջին ատյանի դատարան։
Հիշեցնենք, որ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մարտի 31-ին 2 ամսով կալանավորվեց. նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ։
Ապրիլի 1-ին Փիլոյանն ազատվեց պաշտոնից, ԱԻ նախարարի պաշտոնում նշանակվել է Արմեն Փամբուխչյանը։