ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման մասնակիցները, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ փակել են Արգիշտի–Մաշտոց–Հաղթանակի կամուրջ հանգույցը։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանը, Արամ Վարդևանյանը, Աննա Գրիգորյանը և նրանց համախոհները երթը մեկնարկել են Մաշտոցի պողոտայից և շարժվել են դեպի Ամիրյան փողոց։
Ցուցարարները նստել են գետնին։ Տարածքում բազմաթիվ ոստիկաններ կան։
Սաղաթելյանը հորդորում է չտրվել որևէ սադրանքի և լինել զգոն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից միանգամից չորս ուղղություններով երթ են սկսել։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։