«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ Արգիշտի-Մաշտոց-Հաղթանակի կամուրջ հանգույցը փակած «Դիմադրություն» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց։
Իրավիճակը լարվեց, ոստիկանները բռնի ուժ էին կիրառում և բերման ենթարկում ցուցարարներին։ Հանդարտվելուց հետո ցուցարարները սկսեցին առաջ շարժվել։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանը, Արամ Վարդևանյանի, Աննա Գրիգորյանի և նրանց համախոհների երթը մեկնարկել է Մաշտոցի պողոտայից և շարժվում է դեպի Ամիրյան փողոց։
Սաղաթելյանը հորդորում էր չտրվել որևէ սադրանքի և լինել զգոն։
Ավելի վաղ հայտնել ենք, որ շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից միանգամից չորս ուղղություններով երթ սկսեցին։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։