Ոստիկանները հրաժարվել են հիվանդանոց տանել. մանրամասներ Ֆրանսիայի հրապարակի մահվան դեպքից

Տղամարդը երթի է դուրս եկել, սակայն վատ է զգացել ու վերադարձել Ֆրանսիայի հրապարակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ֆրանսիայի հրապարակում այսօր` մայիսի 5-ին մահացած քաղաքացին, նախնական տվյալներով, սրտի կաթված է ստացել: Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին ասաց «Դիմադրություն» շարժման անդամներից մեկը։

«Մահացողը տղամարդ է եղել` 41 տարեկան։ Այստեղից երթի են դուրս եկել, ճանապարհին իրեն վատ է զգացել, ընկերոջ հետ վերադարձել է վրանների մոտ։ Ոստիկանները հրաժարվել են տեղափոխել հիվանդանոց, մինչև շտապօգնությունն էլ եկել է` սիրտը կանգնել է»,- ասաց նա։

Sputnik Արմենիայի թղթակիցը տեղում նաև արձանագրել է, որ շտապօգնության ոչ մի մեքենա Ֆրանսիայի հրապարակի տարածքում չկա։ Այնինչ, օրենքով նախատեսված է, որ արտոնված միջոցառումների դեպքում տեղում պետք է հերթապահեն շտապօգնության խմբեր։
Հիշեցնենք, որ թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանի փոխանցմամբ, քաղաքացին մահացել է մայիսի 5-ին` ժամը 14։00-ի սահմաններում։ Նա շտապօգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել։ Հիվանդանոցում իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, գրանցվել է կենսաբանական մահ։