Հարկադիրը երբ վերցնում է՝ դա անում է արդարությունը վերականգնելու համար. Փաշինյան

Վարչապետն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ ներկա գտնվել Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ ներկա գտնվել Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Հարկադիր կատարողի օրվա առիթով և ընդգծել, որ ծառայությունը մեր իրականության մեջ նախկինում կամ չի եղել, կամ շատ թույլ է գոյություն ունեցել:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
«Եթե հիշում եք, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շուրջ նաև այդ պատճառով շատ մեծ նեգատիվ կար, որովհետև ի սկզբանե ընկալում էր, թե ստեղծվել է մի ծառայություն, որը մարդկանցից վերցնում է, կամ խլում է, կամ հարկադրաբար ինչ-որ բան կտրում է նրանցից: ...Հիմնական առաքելությունը, որը պետականորեն և հանրայնորեն շատ կարևոր է, դա այն է, որ ի վերջո Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արդարադատության գործադիր մարմինն է: Եվ երբ վերցնում է՝ դա անում է արդարությունը վերականգնելու համար և, ըստ էության, տալիս է նրանց, ովքեր ապօրինի կերպով զրկվել են»,-մասնավորապես ասել է վարչապետը
Կառավարության ղեկավարի խոսքով՝ շատ դեպքերում այն նեգատիվը, որ գալիս է և դեռ կգա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նկատմամբ, հենց ծառայությունից չի կախված, այլ նրանից, թե հանրության համար ինչքանով են վստահելի այն դատական ակտերը, որոնք կայացվում են դատարանների կողմից:
1 / 2

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

2 / 2

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

«Իհարկե, մեր դատական համակարգում առկա պրոբլեմները, դրանցից բխող նեգատիվը, ցավոք, շատ հաճախ ընկնում է ձեզ վրա: Այստեղ էլ շատ կարևոր է, որ ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերը լինեն մաքսիմալ վստահելի, որպեսզի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շուրջ մթնոլորտը գնալով ավելի ու ավելի դրական դառնա»,- ասել է վարչապետը:
Նա նաև նշել է, որ նախորդ տարի ծառայության գործունեության արդյունքում պետական բյուջե 600 միլիոն դրամի մուտք է տեղի ունեցել:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողի երդման հանդիսավոր արարողությունը, որից հետո կառավարության ղեկավարը, մասնագիտական տոնի կապակցությամբ, ծառայության մի խումբ աշխատակիցների հանձնել է հուշամեդալներ ու շնորհակալագրեր: