Ֆրանսիայի հրապարակում տղամարդու մահվան պատճառը շտապօգնության ուշանալը չէ. պարզաբանում

Շտապօգնության ավտոմեքենա
Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ շտապօգնության մեքենան ահազանգը ստանալուց 7 րոպե անց տեղում է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու ինքնազգացողությունը վատանալու ահազանգը ստանալուց 7 րոպե անց շտապօգնության մեքենան դեպքի վայր է հասել: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Ուղիղ 6 րոպեում պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինչն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե շտապօգնության մեքենան սահմանված ժամանակից ուշ է հասել։
Քաղաքապետարանը հիշեցնում է, որ ըստ գործող չափորոշիչի` ՇՕ բրիգադը պետք է դեպքի վայր հասնի մինչև 15 րոպեում։
Sputnik Արմենիայի հարցին` արդյոք պե՞տք է, որ հավաքի վայրում շտապօգնության մեքենան մշտական հսկողություն սահմանի, Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը պատասխանեց, որ այդ ընթացակարգի համար գրավոր դիմում է անհրաժեշտ, ինչը չի եղել։
Հիշեցնենք` այսօր` ժամը 14։00-ի սահմանում, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Տղամարդուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ իրականացվել են վերակենդանացման անհրաժեշտ գործողություններ, սակայն կենսաբանական մահ է գրանցվել։
Ոստիկանները հրաժարվել են հիվանդանոց տանել. մանրամասներ Ֆրանսիայի հրապարակի մահվան դեպքից