Երևանում անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցներից 13-ին ոստիկանություն են տարել

Ոստիկաններ
Վաղ առավոտից Երևանում մեկնարկել են բողոքի ակցիաներն ու քայլերթերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ժամը 10։00-ի դրությամբ Երևան քաղաքի ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել բողոքի ակցիաների մասնակից 13 քաղաքացիներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Բերման ենթարկելու հիմքը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։
Միաժամանակ, ոստիկանությունը ժամը 09։30-ին հաղորդագրություն է տարածել` հայտնելով, թե այդ պահին մայրաքաղաքում փակ փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի և 5-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Այս օրերին ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում (երբեմն բիրտ ուժ կիրառելով) անհնազանդության ակցիաների առավել ակտիվ մասնակիցներին։