Եկեք անկեղծ լինենք։ Բավական անսպասելի և տարօրինակ էր այն հայտարարությունը, որն արեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երեքշաբթի օրը կայացած հանդիպման հենց նախօրեին։ Մեջբերեմ. «Երկու երկրների սահմանները կրկին որոշելու հարցում համաձայնություն կա, և հիմա օրակարգում է այն հարցը, թե ինչպես է դա արվելու»։ Այսինքն` մինչ մենք տագնապով սպասում ենք, թե ինչպես է ճշգրտվելու Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ, որովհետև այդ գործընթացի հետ կապված բազմաթիվ անորոշություններ կան, հանկարծ պարզվում է, որ մեր մյուս հարևանը՝ Թուրքիան, նույնպես ուզում է հստակություն մտցնել Հայաստանի հետ սահմանի հարցում։ Փաստորեն, ամեն օրն իր հետ մի նոր անակնկալ է բերում։
Ավելին, եթե հավատանք Թուրքիայի արտգործնախարարին, սահմանի ճշգրտման վերաբերյալ արդեն համաձայնություն կա։ Կներե՛ք, դուք նման բան լսե՞լ էիք. ե՞րբ, որտե՞ղ, ո՞վ է համաձայնեցրել այդ հարցը։ Ամեն ինչից երևում է, որ մեր արտգործնախարարությունն էլ է զարմացած։ Համենայնդեպս, խոսնակն արձագանքել է. «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա»։
Իսկապես, միշտ թվում էր, թե գոնե Թուրքիայի հետ սահմանների հարցում պրոբլեմ չունենք։ Դրանք հաստատվել են ավելի քան 100 տարի առաջ՝ 1921 թվականին կնքված Կարսի պայմանագրով։ Ճիշտ է, եթե հիշում եք, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խոսակցություններ եղան այն մասին, թե այդ սահմանները կարող են վերանայվել այնպես, որ Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներ միացվեն Խորհրդային Հայաստանին, ու հենց դրանով էր պայմանավորված մեծ հայրենադարձությունը։ Բայց ի վերջո ոչինչ էլ չփոխվեց, իսկ Սովետի փլուզումից հետո այդ սահմանը վերահսկում են Ռուսաստանի սահմանապահները։ Ուրեմն ինչո՞ւ հանկարծ ծագեց այդ սահմանի ճշգրտման հարցը։
Թուրքական որոշ աղբյուրներ այսպես են հիմնավորում. ավելի քան 300-կիլոմետրանոց այդ սահմանն անցնում է հիմնականում Ախուրյան և Արաքս գետերով։ Տարիների ընթացքում վարարումների հետևանքով գետերի հունի և ափերի փոփոխություն է տեղի ունեցել, ինչն էլ դարձել է սահմանը ճշգրտելու պատճառ։ Միգուցե ճշմարտության հատիկ կա այս հիմնավորման մեջ, բայց արդյոք դա՞ է գլխավոր պատճառը։ Իրականում վերլուծաբանները համոզված են, որ թուրքերի մտքինը Կարսի պայմանագրի վերահաստատումն է կամ նույնիսկ նոր պայմանագրի կնքումը։
Երևի չեք ժխտի՝ պետական մակարդակով մենք երբեք չենք վիճարկել Կարսի պայմանագիրը։ Այո՛, նման առաջարկներ Հայաստանում ժամանակ առ ժամանակ լսվում են, բայց դրանց հեղինակները հիմնականում քաղաքական գործիչներ են։ Ինչ վերաբերում է Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին, ապա դեռ տարիներ առաջ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարել են, որ Հայաստանը նման պահանջներ չունի։ Եվ ուրեմն, կարելի է մեկ ենթադրություն անել՝ Անկարան ուղղակի ցանկանում է օգտվել հարմար առիթից։
Անկարայի տրամաբանությունը, ըստ մեկնաբանների, սա է՝ հաղթանակած Ադրբեջանը մտադիր է ճշգրտել սահմանները՝ ստիպելու համար Հայաստանին միանշանակ ընդունել՝ այն, ինչ գտնվում է այդ սահմաններից դուրս, Հայաստանի հետ այլևս ոչ մի կապ չունի, այսինքն` Արցախի հայկականության մասին այլևս ո՛չ մի խոսք, դա մեր ներքին գործն է։ Ուրեմն ինչո՞ւ մենք էլ նույնը չանենք, մտածում են թուրքերը։ Քանի դեռ Հայաստանը ուշքի չի եկել ջախջախիչ պարտությունից հետո, եկեք ստիպենք Երևանին կա՛մ վերահաստատել Կարսի պայմանագիրը, կա՛մ նոր համաձայնագիր կնքել՝ ընդմիշտ փակելով Արևմտյան Հայաստանի հողերի հետ կապված հարցը։
Այսինքն` մինչ երևանյան հանրահավաքներում հիմնականում Արցախի մասին է խոսվում և նաև Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի, Թուրքիան, անընդհատ փափուկ բարձ դնելով ու հավատացնելով, թե պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները առանց որևէ նախապայմանի, իրականում շատ հստակ ակնարկում է՝ Կարսի պայմանագիրը, որն ի դեպ ժամանակին Հայաստանի հետ չենք կնքել, հիմա արդեն մեզ ամենևին չի բավարարում, և մինչև նոր համաձայնագիր չլինի ո՛չ սահմանը կբացենք, ո՛չ էլ դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք։
Իհարկե, կարելի է ևս մեկ անգամ կրկնել արդեն ծեծված միտքը, որը լսել ենք մի 1000 անգամ՝ մենք դեմ չենք Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների հաստատմանը։
Ուղղակի հիմա, երբ Հայաստանի իշխանություններն ամեն առիթով կրկին ու կրկին մեծ ոգևորությամբ բարձրաձայնում են գեղեցիկ ու գայթակղիչ գաղափարը՝ տարածաշրջանում պետք է խաղաղության դարաշրջան հաստատվի, մտահոգությունը մեկն է՝ արդյոք հարևանները չե՞ն օգտվի մեր այդ բուռն, անթաքույց բուռն ցանկությունից և նորանոր պայմաններ չե՞ն դնի մեր առջև։ Իսկ ընդհանրապես հարաբերությունների բարելավմանը բոլորն էլ կողմ են։