ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այլևս բարձր պաշտոն չի զբաղեցնելու։ Երևանում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում այլևս երկրում զբաղեցնել պետական կառավարման որևէ բարձր պաշտոն։ Մենք ձևավորելու ենք մերիտոկրատական կառավարություն։ Այսինքն՝ ոչ թե ձևավորելու ենք ըստ կուսակցությունների, այլ ըստ արժանիքների։ Պաշտոն են զբաղեցնելու այն պրոֆեսիոնալները, որոնց կարիքն այնքան ունենք այսօր»,- ասել է նա։
Մամիջանյանը հավելեց, որ Սարգսյանը պատրաստ է իր փորձով օգնել երիտասարդներին։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ բեռնատարներով և բետոնխառնիչ մեքենաներով փակել էին Կիևյան կամուրջը։ Այնտեղ ժամանած մեծ թվով ոստիկանները սկզբում փորձում էին գործի գցել մեքենաները, սակայն վարորդները բանալիները տարել էին, այնուհետև ծառայողները սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։ Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Այս օրերին ընդդիմությունը հանրահավաքներ ու երթեր է անցկացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։