Պետք է ուղիղ իրենց աչքերի մեջ նայեմ. Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց անել խոստացած բացահայտումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Աժ Կառավարության ծրագրի 2021թ․ կատարողականի զեկույցի քննարկման ժամանակ (13 ապրիլի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
Փաշինյանը հորդորեց ժողովրդավարությունը չմեկնաբանել որպես իշխանության թուլություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ԱԺ-ի նիստի ընդմիջումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց անել ընդմիջումից առաջ խոստացած բացահայտումը, որի մասին ակնարկել էր ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին պատասխանելիս։
Պատասխանը, սակայն, մնաց անավարտ, քանի որ ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը, ինչից հետո հայտարարվեց ընդմիջում, և ուղիղ եթերն ընդհատվեց։
Ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց շարունակել անավարտ մնացած պատասխանը, բայց Փաշինյանը հրաժարվեց` ասելով, որ չի ցանկանում հետևից խոսել։

«Ես այդ հարցին պատասխանելիս պետք է ուղիղ իրենց աչքերի մեջ նայեմ, բոլորի աչքերի մեջ»,- ասաց նա։

Փոխարենը Փաշինյանը պատասխանեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի` ընդդիմության փողոցային պայքարի մասին հարցին։
Փաշինյանը հորդորեց ժողովրդավարությունը չմեկնաբանել որպես իշխանության թուլություն։
«Նրանց թվում է, թե ամեն ինչ, որ կրկնեն, նույն ձևով անեն, կրկնօրինակեն, կստացի»,- ասաց նա` հիշեցնելով Վահրամ Փափազյանի ու Մհեր Մկրտչյանի զրույցը, երբ երիտասարդ դերասանը վարպետին ասել է, թե ուզում է Օթելլո մարմնավորել, իսկ Փափազյանը պատասխանել է. «Տղաս, ամեն սև բան Օթելլո չէ»։
«Թերևս սրանով կարելի է ամբողջացնել ձեր հարցի պատասխանը»,- ասաց Փաշինյանը։
Այնքան ստեր է ասել, ի՞նչ լսեինք. Մանուկյանը` Փաշինյանի հնարավոր բացահայտումների մասին
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորների խումբն ԱԺ նիստին մասնակցում էր Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու համար։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անգամ Արմեն Ռուստամյանը։ Նրան պատասխանեց վարչապետը` կետ առ կետ արձագանքելով հրաժարականի պահանջում ներկայացված մեղադրանքներին։
Ավարտելով իր խոսքը` նա խոստացավ Ռուստամյանի արձագանքից հետո բացահայտում անել։ Պատգամավորը հայտարարեց, որ Փաշինյանն ի սկզբանե չի տիրապետել ու այսօր էլ չի տիրապետում Արցախի խնդրին։ Այնուհետև Ռուստամյանը հարց ուղղեց Փաշինյանին` Արցախը ցանկանո՞ւմ է թողնել Ադրբեջանի կազմում։ Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորներն ասացին, որ չեն ուզում լսել Փաշինյանի պատասխանն ու լքեցին դահլիճը։