Մտահոգված ենք ՀՀ–ում ցուցարարների ձերբակալություններով. ԵԺԿ–ն կոչով դիմել է իշխանությանը

Եվրոպական կուսակցությունը ողջունել է ԵՄ միջնորդությամբ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Եվրոպական խորհրդարանում իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։

«Մենք մտահոգված ենք Հայաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվող մեծ թվով ձերբակալություններով և ուժային գործողություններով և դատապարտում ենք լրագրողների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը»,– ասվում է Twitter–ի էջում կուսակցության գրառման մեջ։

ԵԺԿ–ն նաև կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունն ու զերծ մնալ իրավապահների լիազորությունների չարաշահումից։
«Կայուն խաղաղությունն ու անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունեն Հայաստանի, Հարավային Կովկասի տարածաշրջանի, ներառյալ ` Լեռնային Ղարաբաղի համար»,– նշվում է հայտարարության մեջ։
ԵԺԿ–ն ողջունում է ԵՄ միջնորդությամբ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը և կոչ անում բոլոր կողմերին իրենց ներդրումն ունենալ դրանում։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Այս օրերին ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում (երբեմն բիրտ ուժ կիրառելով) անհնազանդության ակցիաների առավել ակտիվ մասնակիցներին։