ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հայցը ընդդեմ պատգամավոր Լենա Նազարյանի. իշխանական պատգամավորը պետք է ներողություն խնդրի Թովմասյանից, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Դեռ նախորդ տարվա հուլիսի 3-ին ԱԺ այդ ժամանակ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից խոսել էր Աբովյանի դիահերձարանի գետնին նետված դիերի մասին՝ քննադատելով իշխանությանը, ինչին ի պատասխան ԱԺ այն ժամանակվա փոխնախագահը վիրավորել էր նրան` ասելով «իդիոտկա»։
«Եվ երբ հարցը հասավ դատարան, Նազարյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը փորձում էր ամեն ինչ անել՝ ապացուցելու, որ Նազարյանը չի վիրավորել Թովմասյանին: Նույնիսկ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից էր փաստաբանը գրություն բերել, թե ինչ է նշանակում «իդիոտկա» բառը՝ փորձելով ապացուցել, թե դա հունարեն նշանակում է առաջնորդ: Սակայն համալսարանը տվել էր գրություն, որ բառը ակնհայտ վիրավորանք է»,- գրում է թերթը։
Ավելին, Նազարյանի փաստաբանը հայտնել էր, թե Նազարյանի ֆինանսական վիճակն այնքան էլ լավ չէ, ամսական մոտ 600 000 դրամ վարկ է մարում, ուստի չի կարող շուրջ 1 մլն դրամ տուգանք վճարել, և դատարանից խնդրել էր վճիռ կայացնելիս հաշվի առնել պատգամավորի ֆինանսական դրությունը: Այսպիսով, գրում է թերթը, դատարանը հաշվի է առել Նազարյանի ֆինանսական վիճակը և Թովմասյանի հայցը բավարարել է մասնակի` պարտադրելով հրապարակային ներողություն խնդրել Թովմասյանից, սակայն ֆինանսական հատուցման մասով որոշել է ընդառաջել Նազարյանին և գումարի բռնագանձում չպարտադրել:
Թովմասյանի փատաբան Սերգեյ Ոսկանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է` վճիռը բողոքարկվելու է, քանի որ դատարանը պետք է պարտավորեցներ Նազարյանին ոչ միայն ներողություն խնդրել հենց ԱԺ ամբիոնից, այլև պետք է գումար բռնագանձեր: