Ինչ իրավունքներ ունեն բերման ենթարկվածները. ՄԻ պաշտպանը հայտնել է` ինչ խնդրի են առնչվում

Գրիգորյանը նշում է` երբ անձը, օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ էլեկտրոնային սարքերի միջոցով նույնականացնելն անթույլատրելի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտնել է, թե ոստիկանություն բերման ենթարկվածներն ինչ իրավունքներ ունեն։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ու հայտնել` վերջին օրերին ՄԻ պաշտպանի արագ արձագանքման խմբերի կողմից ոստիկանության տարբեր բաժիններ կատարած այցերի արդյունքում շարունակական դարձած խնդիրը վերաբերում է անձի նույնականացման` ինքնությունը պարզելու ձևավորված արատավոր պրակտիկային։
Նա հիշեցրել է, որ երբ անձը, օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, այդ թվում՝ նույնականացվել, ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ էլեկտրոնային սարքերի միջոցով նույնականացնելն անթույլատրելի է։
«Բերման ենթարկված անձինք փաստացի արգելանքի վերցվելու պահից օգտվում են լռելու հիմնարար իրավունքից։ Լռելու իրավունքն իրենից ենթադրում է ինչպես որևէ կերպ վարույթն իրականացնողին բանավոր տեղեկություններ չհայտնելու, այնպես էլ նյութեր չտրամադրելու հնարավորությունը»,–հիշեցրել է Գրիգորյանը։
Նա նշում է` այն դեպքում, երբ անձինք հրաժարվում են տեղեկություններ հայտնել, այդ թվում՝ իրենց անձնական տվյալները, վերջիններս օգտվում են իրենց լռելու իրավունքից։ Անձն իրավունք ունի նաև իր կենսաչափական տվյալները չտրամադրել, այդ թվում՝ լուսանկարահանման կամ տեսանկարահանման եղանակով։
Բացի այդ, բոլոր այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է էլեկտրոնային սարքերով նույնակացվելուց` լուսանկարվելուց, ոստիկանությունը պետք է զերծ մնա վերջինիս լուսանկարելուց և հարգի անձի լռելու հիմնարար իրավունքը։
Գրիգորյանը հորդորում է` եթե բերման ենթարկվածի կամքին հակառակ նրան լուսանկարում են, ապա կարող են զանգահարել թեժ գիծ՝ 116 հեռախոսահամարով ։
Պաշտպանը նաև տեղեկացնում է, որ անկախ այն հանգամանքից՝ անձինք հրաժարվել են վերոնշյալ եղանակով նույնականացվելուց, թե ոչ, վերջիններիս վարչական ձերբակալման առավելագույն ժամկետը 3 ժամն է։ Այդ ժամկետը լրանալուց հետո անձը պետք է անհապաղ ազատ արձակվի՝ անկախ վերջինիս անձը պարզված լինել կամ չլինելու հանգամանքից։