Հայաստանն ու Վրաստանը 2022 թվականի ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել

Խոսքը ռազմական կրթության, խաղաղապահության և լեռնային պայմաններում զինվորականների պատրաստման ոլորտում համագործակցության մասին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի -Sputnik. Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն պաշտպանության ոլորտում 2022 թվականի համագործակցության ծրագիր են ստորագրել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Վրաստանում է
Նշվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարները պաշտպանական ոլորտում և տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել։
Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն
Պապիկյանն ու Բուրչուլաձեն կարևորել են տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև բարիդրացիական հարաբերությունները: Կողմերն անդրադարձել են Ուկրաինայի իրավիճակին՝ նշելով, որ դա էապես փոխում է գլոբալ անվտանգության ճարտարապետությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջին պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:
Վերջին անգամ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Վրաստան է այցելել 2019 թվականին, այն ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Տոնոյանը: