Հայաստանն ու ԱՄՆ-ն համատեղ հայտարարություն են ընդունել

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ավարտին կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ ազդարարելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության մեկնարկը, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Երկու պատվիրակությունները քննարկել են հարցեր սահմանային անվտանգության մասին և շեշտել Միացյալ Նահանգների դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, որն օժտված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով:
Նշվում է, որ երկխոսության ընթացքում Հայաստանը և ԱՄՆ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով։
Պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի իր ամուր աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ պատասխանատու ժողովրդավարական և տնտեսական ինստիտուտների կառուցման գործում:

Քննարկման առանցքային թեմաներից են եղել տնտեսական ոլորտում փոխադարձ բարեկեցությանը նպաստող մեխանիզմները, ներառյալ՝ էներգետիկ համագործակցությունն ու աշխատուժի զարգացումը՝ առևտրի ու ներդրումների ոլորտում երկկողմ կապերը խթանելու և խորացնելու նպատակով:

Նախարար Միրզոյանը և հայկական պատվիրակությունը կառուցողական հանդիպումներ են ունեցել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերի, պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի և այլոց հետ։ Պատվիրակության անդամները Վաշինգտոնում ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրել են նաև հակակոռուպցիոն և իրավապահ ոլորտում բարեփոխումների համատեղ գործողությունների երկու ծրագիր։