Այնքան ստեր է ասել, ի՞նչ լսեինք. Մանուկյանը` Փաշինյանի հնարավոր բացահայտումների մասին

Գեղամ Մանուկյանը ԱԺ–ում
Պատգամավորն ընդգծեց` իրենց առջև ԱԺ-ի մուտքը փակ չէ, ինչպես նաև ունեն մանդատ վաղը նոր կառավարության, նոր վարչապետի ընտրության համար, որը կիրառելու են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պարզաբանեց, թե ինչու լքեցին ԱԺ նիստերի դահլիճը և չլսեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած բացահայտումը։
Պատգամավորն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նիստերի դահլիճը լքելուց հետո ճեպազրույցում լրագրողներին հայտնեց, որ չէին ցանկանում լսել նրա հերթական ստերի շարանը։

«Մենք այնքան ենք նրա բացահայտումները, ստերը լսել, ի՞նչ լսեինք հիմա։ Խուսափելու հարց չկար, չենք ակնկալում որևէ հարցի շուրջ պատասխան, այլ մենք հրապարակեցինք այն հիմնական թեզերը, որոնք հանրության հսկայական զանգվածի համար կարևոր են և հետաքրքրում են նրանց»,- նշեց Մանուկյանը։

Հարցին` արդյոք պատրաստվո՞ւմ են հետագա նիստերին մասնակցել, նա պատասխանեց` իրենց առջև ԱԺ-ի մուտքը փակ չէ, ինչպես նաև ունեն մանդատ վաղը նոր կառավարության, նոր վարչապետի ընտրության համար, որը կիրառելու են։
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորների խումբն ԱԺ նիստին մասնակցում է Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու համար։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։ Նրան պատասխանեց վարչապետը` կետ առ կետ արձագանքելով հրաժարականի պահանջում ներկայացված մեղադրանքներին։
Ավարտելով իր խոսքը` նա խոստացավ Ռուստամյանի արձագանքից հետո բացահայտում անել։ Պատգամավորը հայտարարեց, որ Փաշինյանն ի սկզբանե չի տիրապետել ու այսօր էլ չի տիրապետում Արցախի խնդրին։ Այնուհետև Ռուստամյանը հարց ուղղեց Փաշինյանին` Արցախը ցանկանո՞ւմ է թողնել Ադրբեջանի կազմում։ Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ չեն ուզում լսել Փաշինյանի պատասխանն ու լքեցին դահլիճը։