Սիրուշոն երկրպագուների և ակցիայի մասնակիցների հետ երգեց «Զարթի՛ր, լաոն» և այլ երգեր

Ֆրանսիայի հրապարակում հավաքված հարյուրավոր մարդիկ ձայնակցում էին երգչուհուն։
Sputnik
Հայտնի երգչուհի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Սիրուշոն, Երևանի Ֆրանսիայի հրապարակում երկրպագուների և ընդդիմադիր ակտիվիստների հետ հայրենասիրական երգեր է երգել։

«Երկու ժամ առաջ որոշեցի այսպիսի խենթ բան անել, նման բան նախկինում չէի արել։ Որոշեցի երգել այնպիսի երգեր, որոնք մեզ հիշեցնում են, թե մեր երկիրը որքան կարևոր է մեզ համար, ցույց տալ, թե որքան ուժեղ ենք։ Ես հատուկ որոշեցի բեմից ելույթ չունենալ, որպեսզի ավելի մտերիմ լինենք և միասին երգենք մեր սիրելի հայրենասիրական երգերը»,- ասաց նա։

Սիրուշոն բարձրացավ աթոռի վրա և հավաքվածների հետ երգեց «Զարթի՛ր լաո», «Գինի լի՛ց» «Հորովել» և այլ երգեր։
Ի դեպ, «Զարթի՛ր լաո» երգի նոր գործիքավորումն իրականացվել է Սիրուշոյի աջակցությամբ։ Երգչուհին դրա համար շնորհակալություն հայտնեց Արտեմ Վալտերին, Արսեն Գրիգորյանին, Հմայակ Ռոստոմյանին և բոլորին, ովքեր աջակցել են այդ հարցում։
Ավելի վաղ երգչուհին սոցիալական ցանցերի իր էջերում գրել էր, որ այսօր կլինի Ֆրանսիայի հրապարակում և ակցիայի մասնակիցների հետ կերգի սիրված երգեր։ Նա հորդորել էր բարձեր բերել և հրապարակում նստած միասին երգել։