ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը հետաձգվեց։
Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ մեկ այլ դատական նիստ ունի, և իր պաշտպանյալի ազատության հարցն է քննարկվելու։
Դատավոր Աննա Դանիբեկյանն ընդմիջում հայտարարեց, որպեսզի ճշտի տեղեկությունը, իսկ այդ ընթացքում Սահակյանը լքեց նիստերի դահլիճը, քանի որ ուշանում էր հաջորդ նիստից։
Ընդմիջումից հետո Դանիբեկյանը հայտնեց, թե քանի որ պաշտպանը լքել է նիստերի դահլիճն առանց դատարանին տեղեկացնելու, ուստի հաջորդ նիստին պետք է դատարանին բացատրի իր քայլը։ Քանի որ պաշտպանի բացակայության պատճառով դատական նիստը չի կարող շարունակվել, ապա այն կհետաձգվի, և հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 10-ին` ժամը 13-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը 2 միջնորդություն ներկայացրեց դատարան` դատավորին ինքնաբացարկ հայտնելու և Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը կասեցնելու վերաբերյալ։ Երկու դեպքում էլ դատավոր որոշեց չքննել միջնորդությունները։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008-ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։
Նշենք, որ մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
ՍԴ-ն որոշել է, որ այդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։
Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ։
Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը՝ հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 309 միլիոն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք և օրինականացրել ստացված եկամուտները։