Քաղաքացիները փակել են «Զվարթնոց» տանող ճանապարհը. տեսանյութ

Ճանապարհը փակած քաղաքացիներ
Տեղում մի քանի հարյուր մարդ է հավաքվել, մեքենաները կանգնած են, երթևեկությունը կաթվածահար է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ավտոճանապարհը, որը տանում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։
Մի քանի տասնյակ մարդ է հավաքվել, մեքենաները կանգնած են, իսկ երթևեկությունն ամբողջությամբ կաթվածահար է եղել։
Ակցիայի մասնակիցները վանկարկում են. «Միացո՛ւմ, պայքա՛ր, հաղթանա՛կ»։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։