Մենք իրենցից սովորելու շատ բան ունենք. Քերոբյանը՝ Սինգապուրի հետ համագործակցության մասին

Խորհրդարանում քննարկվում է ԵԱՏՄ-Սինգապուր տնտեսական համագործակցության համաձայնագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը Սինգապուրի հետ համագործակցության մի քանի ուղղություններ է դիտարկում։ Դրանցից առաջինը Սինգապուրի ներդրումային ֆոնդերի հետ ՀՀ կառավարությսն հնարավոր համագործակցությունն է։ ԱԺ լիագումար նիստում տեղեկությունը հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով ԵԱՏՄ-Սինգապուր տնտեսական համագործակցության համաձայնագիրը վավերացնելու նախագիծը։

«Մյուս կարևոր համագործակցությունը, որ ձևավորվում է արդեն ՀՀ–ի և Սինգապուրի կառավարությունների միջև, քաղաքային կայուն զարգացման միջավայրերի ստեղծումն է։ Գիտեք՝ Սինգապուրը մեծ առաջընթաց ունի քաղաքային կայուն զարգացման միջավայրի ստեղծման գործում, և մենք իրենցից շատ բան ունենք սովորելու»,- ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ Հայաստանը քննարկում է հատկապես առևտրի ու ծառայությունների բնագավառում Սինգապուրի փորձի ներդրման հնարավորությունը։

Համագործակցության երրորդ ուղղությունն, էկոնոմիկայի նախարարի խոսքով, Սինգապուրի ծովային նավահանգստից օգտվելու հնարավորություն է։
«Սինգապուրը խոշոր նավահանգստային հաբ է և Հարավարևելյան Ասիայի երկրների բերռնափոխադրման համար՝ կարևոր հանգույց։ Հիմա Հայաստանը նաև այս տարածաշրջանում ջանքեր է գործադրում, որպեսզի բեռնափոխադրումների համար դառնա տարանցիկ ճանապարհ՝ Հյուսիս-հարավ միջանցքի մեջ։ Մենք դեռևս չենք սկսել մեր խոսակցությունները Սինգապուրի հետ, բայց շատ հավանական է, որ լոգիստիկ համագործակցության լավ հնարավորություններ ստեղծվեն մոտ ապագայում»,- ասաց Քերոբյանը։
Հայաստանը մտադիր է վերացնել կրկնակի հարկումը Մալթայի ու Սինգապուրի հետ
ԵԱՏՄ–ի և Սինգապուրի Հանրապետության միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին։ ՀՀ-ի կողմից այն ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Համաձայնագիրն առայժմ ուժի մեջ չի մտել։ Այն ուժի մեջ է մտնում այն օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը, երբ կողմերը փոխանակում են գրավոր ծանուցումներ, որոնցով հավաստում են, որ կատարել են համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներքին իրավական ընթացակարգերը: