«Կողմնակալ է». Քոչարյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց

Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ դատարանը չի հետապնդում արդարադատություն իրականացնելու նպատակ, հետաքրքրված չէ ճշմարտությունը բացահայտելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Քոչարյանի դեմ հարուցված քրգործով դատավոր Աննա Դանիբեկյանին։
Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում և գործով մեղադրյալներ Քոչարյանն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ներկա են։
«Գործով դատավորը վատ իմաստով կողմնակալ և կանխակալ վերաբերմունք ունի։ Սույն պրոցեսում դատարանը չի հետապնդում արդարադատություն իրականացնելու նպատակ, հետաքրքրված չէ ճշմարտությունը բացահայտելու հարցում, այլ միայն ապահովում է ձևական դատավարական ընթացք, որը հաշվետվողականություն կատարելու ընթացք է իրենից ենթադրում»,–ասաց Խուդոյանը։
Նա նշեց, որ գործով դատավորն այդպես էլ մեղադրանքը չպարզաբանեց գործով մեղադրյալներին, ինչպես նաև իմանալով, որ այդ օրը դատական նիստ չի կարող լինել` նիստ է նշանակել` այդպիսով չհարգելով կողմերին։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատարանը միջնորդությունն առանց քննության կթողնի, քանի որ 2021-ի հոկտեմբերի 26-ին Խուդոյանն արդեն իսկ ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել գործով դատավորին։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը լքեց դատական նիստերի դահլիճը
Այդ միջնորդությունը չի բավարարվել, իսկ այսօր ներկայացված միջնորդությունը նույն հիմքն ունի։ Սակայն Խուդոյանն առարկեց` ասելով, որ միջնորդության փաստական հիմքերը փոխվել են, և խոսքը 2021-ից հետո անցկացված նիստերի ժամանակ դատավորի քայլերին է առնչվում։
Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը քրեական գործով անցնում են որպես մեղադրյալներ։ Քոչարյանը մեղադրվում է առանձնակի խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը` փողերի լվացման մեջ։