Հռոմի պապը հայտարարել է, որ առայժմ Կիև չի գնա. նախևառաջ պետք է Մոսկվա մեկնի

Հռոմի պապը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի նպաստի Ուկրաինայում հակամարտության շուտափույթ ավարտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ առայժմ չի պատրաստվում Կիև այցելել, մինչ այդ մտադիր է այցելել Մոսկվա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար:
«Կիև առայժմ չեմ գնում»,–հայտարարել է նա Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
Քահանայապետի խոսքով՝ ինքն Ուկրաինա է ուղարկել կարդինալ Մայքլ Չերնիին և Հռոմի պապական ողորմությունների ծառայության ղեկավար կարդինալ Կոնրադ Կրաևսկուն, որի համար սա արդեն 4-րդ ուղևորությունը կլինի Ուկրաինա։
«Բայց ես զգում եմ, որ չպետք է գնամ։ Նախևառաջ, ես պետք է Մոսկվա գնամ, առաջինը պետք է հանդիպեմ ՌԴ նախագահ Պուտինին։ Բայց ես հոգևորական եմ, ի՞նչ կարող եմ անել։ Ես անում եմ` ինչ կարող եմ։ Եթե Պուտինը բացեր դուռը...»,–հայտարարել է Ֆրանցիսկոս պապը։
Նույն հարցազրույցում նա ասել է, որ Վատիկանն առայժմ Մոսկվայից պատասխան չի ստացել այդպիսի այցի հնարավորության մասին։ Ֆրանցիսկոս պապը բազմիցս Ուկրաինայում խաղաղության կոչ է արել` պատերազմը սրբապղծություն անվանելով։
Ապրիլի վերջին Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը հայտարարել էր, որ Ֆրանցիսկոս պապն առաջվա պես կցանկանար առաքելական այց կատարել Ուկրաինա, սակայն ստեղծված իրավիճակում այդ այցն իմաստ չէր ունենա: Նա նաև ընդգծել էր, որ քահանայապետը պատրաստ է իր ուժերի սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի նպաստի Ուկրաինայում հակամարտության շուտափույթ ավարտին:
Հռոմի պապը Արևմուտքին մեղադրել է ռասիզմի մեջ
Ավելի վաղ արգենտինական La Nación թերթին տված հարցազրույցում Ֆրանցիսկոսը հարց էր բարձրացրել.
«Ի՞նչ օգուտ կա Հռոմի պապի այցից Կիև, եթե հաջորդ օրը պատերազմը շարունակվելու է»։
Ապրիլի սկզբին Մալթայում առաքելական ուղևորությունից հետո Հռոմ վերադարձող ինքնաթիռում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ քահանայապետը հաստատել էր, որ պատրաստ է մեկնել Ուկրաինա, սակայն լուրջ կասկածներ էր հայտնել այդ կապակցությամբ: