ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը 26 զոհված զինծառայողների ճանաչել է տուժող։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեցին զոհվածների ծնողները։
Ծնողներից մի քանիսին հրավիրել են հարցաքննության, իսկ մնացածին` դեռ ոչ։ Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, նշեց, որ իրեն դեռ չեն կանչել հարցաքննելու։
«Ո՞վ պետք է համարձակվի աչքերիս մեջ նայի ու հարցաքննի ինձ։ Մինչև չգոռացինք դատախազության առջև, դատախազը չիջավ, բան չասեց։ Բայց ինքը էս որոշումներով ցույց է տալիս, որ արդար է»,- ասաց Գալեյանը։
Ծնողները շնորհակալություն հայտնեցին բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրենց այս ընթացքում։ Նշեցին, որ դատախազության դիմաց այլևս ակցիաներ չեն անի, քանի որ գործընթացն արդեն իրավական դաշտում է։
«Մենք փողոց չենք փակելու։ Մեր խնդիրը քաղաքական չէ, իրավական է։ Դիմեցինք, շատ քաղաքական ուժեր մեր հետևից եկան։ Հիմա պետք է հասնենք նրան, որ որպես մեղադրյալ ներգրավվեն մարդիկ»,- ասաց ծնողներից մեկը։
Հիշեցնենք՝ 12 օր առաջ զինվորների ծնողները դիմել էին դատախազություն՝ շեշտելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների թույլ տված սխալների պատճառով են զոհվել իրենց որդիները։