Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին

Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահն ընդունում է, որ բնության կիրառման եզակի դեպքեր եղել են, բայց կոչ է անում չընդհանրացնել դրանք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալ է ոստիկաններին բողոքի ակցիաների ընթացքում իրենց պարտականությունները կատարելու համար։ Սիմոնյանն իր շնորհակալությունը հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով արդեն մի քանի օր Երևանում ընթացող ակցիաները։
Խորհրդարանի նախագահն ընդունում է, որ բնության կիրառման եզակի դեպքեր եղել են, բայց կոչ է անում չընդհանրացնել դրանք։
«Ոստիկանության գործողություններն ընդհանուր առմամբ գնահատում եմ համաչափ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, որ նրանք պահպանում են մեր մյուս քաղաքացիների օրինական իրավունքները և թույլ չեն տալիս, որ այդ փոքր միջոցառումները խանգարեն մնացած քաղաքացիների իրավունքներին։ Բայց միևնույն ժամանակ նրանք հարգանքով են վերաբերվում նաև այն քաղաքացիներին, որոնք երթեր, ցույցեր իրականացնելու իրենց իրավունքն են իրացնում»,- ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։