Տուժած լրագրողը պատմել է` ինչ է եղել իրականում. նրա կոչը ոստիկաններին

Լրագրողը ոստիկաններին կոչ է անում ցույցերի ժամանակ ավելի նրբանկատ լինել, հատկապես, երբ կանայք կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Լրագրող Լիա Սարգսյանը, որը Երևանի Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկում ընթացող ցույցի ժամանակ կորցրել էր գիտակցությունը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրեն արդեն լավ է զգում և վերադարձել է աշխատանքի։
Նրա խոսքով`բժշկի դիմելու անհրաժեշտություն չի եղել։
Նշենք, որ երբ քաղաքացիները փակել էին Մոսկովյան-Աբովյան խաչմերուկը, ոստիկանության զորքերի աշխատակիցների և քաղաքացիների միջև հրմշտոց սկսվեց։ Ոստիկանի և քաղաքացու արանքում գտնվող լրագրողի ինքնազգացողությունը վատացավ։
Ոստիկանն օգնություն է ցուցաբերում լրագրող Լիա Սարգսյանին, որի ինքնազգացողությունը վատացել է։
Ոստիկանները նրանից ներողություն չեն խնդրել, բայց աղջիկը չի պատրաստվում պահանջել, որ որևէ մեկին պատասխանատվության ենթարկեն, քանի որ հասկանում է, որ իրավապահներն իրենց գործն էին անում։
Լրագրող Լիա Սարգսյանը
«Կոչ եմ անում մեր սիրելի ոստիկաններին, որոնց հանդեպ ունեմ խորին հարգանք, մի փոքր ավելի նրբանկատ լինել, հատկապես, երբ կանայք կան»,- նշեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ լրագրողը կորցրել էր գիտակցությունը։ Ցուցարարները, ոստիկանները և գործընկերները նրան փողոցում նստարաններից մեկի վրա պառկեցրել էին ու տեղում առաջին օգնություն ցուցաբերել։
Ինչպես արդեն հայտնել ենք` գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։