ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Պարեկային ծառայության աշխատակիցները 9 ամսվա ընթացքում (հիմնադրման պահից ի վեր) ՀՀ մայրաքաղաքում տուգանել են 5218 հետիոտնի: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ճանապարհային ոստիկանությունից։
Նշվում է, որ արձանագրությունները կազմվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 131-րդ հոդվածով (Հետիոտների և ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը):
«Մինչև 2022 թվականի ապրիլի 7-ը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանվել է 5218 հետիոտն»,- ասվում է գրավոր պատասխանում:
Պարզաբանվում է, որ դա գրեթե 25 անգամ գերազանցում է վերջին հինգ տարվա ընթացքում հետիոտների նկատմամբ ճանապարհային ոստիկանության կայացրած վարչական ակտերի քանակը (ընդամենը 192 տուգանք` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար):
Մասնավորապես, 2017 թվականին ոստիկանությունը տուգանել է 20 հետիոտնի, 2018 թվականին՝ 139, 2019 թվականին՝ 23, 2020 թվականին՝ 10 հետիոտնի: 2021 թվականին արձանագրություններ չեն կազմվել։
Հիշեցնենք, որ պարեկները Երևանում ծառայության են անցել 2021 թվականի հուլիսի 7-ից։