ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող Էդուարդ Մարտիրոսովին

Կարմիր խաչի ավտոմեքենա
Զառա Ամատունու խոսքով` այցի շրջանակում զինծառայողին ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորություն է տրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Սովորաբար ԿԽՄԿ-ի տեսակցությունը գերեվարվածներին առաջին հերթին անձին գրանցելու հնարավորություն է տալիս, ինչը հնարավոր անհետացումներից զերծ պահելու երաշխիք է տալիս։ Մյուս կողմից` քանի դեռ անձը գտնվում է գերության մեջ, ԿԽՄԿ-ի այցերը նպաստում են, որ վերահսկվի անձի հանդեպ վերաբերմունքը, հարազատների հետ կապի մեջ մնա»,- ասաց Ամատունին։

Նրա խոսքով` սա առաջին տեսակցությունն էր Մարտիրոսովին, և այցի շրջանակում նրան ընտանիքի հետ նամակի միջոցով կապ հաստատելու հնարավորություն է տրվել։ Բացի այդ, ստուգվել են նրա պահման պայմանները, առողջական վիճակը։
Ամատունին հուսով է` նման այցերը պարբերական կլինեն, քանի դեռ անձը գերության մեջ է։
Հիշեցնենք` ապրիլի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 23-ին զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին կորել է կապը շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Պարզվել է, որ Մարտիրոսովը դեռևս անհայտ հանգամանքներում հատել է հայ-ադրբեջանական սահմանը, գտնվում է ադրբեջանական կողմում։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են արվում: